Կոնսերվատորիան չի պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը


 Հարգելի հանրություն, Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի 63 հարգարժան դասախոսներ, կոնսերվատորիայի անունից հանդես են եկել հայտարարությամբ, պահանջելով վարչապետ Ն. Փաշինյանի հրաժարականը:

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նման հարց չի քննարկվել կոնսերվատորիայի ռեկտորատների և գիտխորհուրդների նիստերի ժամանակ, ուստի այն չի կարող բուհի պաշտոնական դիրքորոշում համարվել:
Հարկ եմ համարում նշել, որ Բուհի ներկայիս ղեկավարության կողմից երբևէ, որևէ փորձ չի արվել ազդելու որևէ դասախոսի անձնական դիրքորոշման վրա: Բուհի յուրաքանչյուր դասախոս իրավունք ունի ունենալ սեփական քաղաքական կողմնորոշումները, հայացքներն ու տեսակետները:
Ինչ վերաբերում է խմբային կարծիք արտահայտելուն, սա համարում եմ բուհի ապաքաղաքական հիմնարար սկզբունքի խախտում: Առանց տեղեկացնելու բուհին գոնե` արհմիության մակարդակով, առանց այդ մասին տեղեկացնելու դեկանատներին, ամբիոններին, այդպիսով խախտելով բուհի մնացյալ դասախոսների` նախաձեռնությանը տեղյակ լինելու տարրական իրավունքը, հրապարակվել է հայտարարություն ԵՊԿ-ի անունից:
Օգտվելով առիթից հայտարարում եմ, որ իմ պաշտոնավարման 2 տարիների ընթացքում երբևէ վերադասից չեմ ստացել քաղաքական հրահանգներ (այդ թվում` կադրային նշանակումների վերաբերյալ):
Հարգենք մեր տարբերությունները և բուհի ապաքաղաքական հիմնարար սկզբունքը:
Մենք ունենք ամենատարբեր մակարդակներում սեփական կարծիքն արտահայտելու բազմաթիվ այլ հնարավորություններ:

Comments

Կիսվել