Ձևացնում ենք թե նախնիների պես իմաստուն ենք։


Մարդիկ դադարել են մեծանալ։ Մանուկներ ենք, որոնք իրենց կյանքի անիմաստ անցկացրած տարիները գումարել են չիմաստավորված տարիներին և պատկերացրել թե ստացված թիվը առարկայական նշանակություն ունի։ Օրինակ՝ հիսուն տարին լեռ է, որի գագաթին թառելով, կարելի է պնդել թե երևում է իրականությունը․․․ Խաղ է․․․ 
Ալեհեր կամ ճաղատ, գունաթափ մորուքներով, ձևեր թափող, փչացած մանուկներ ենք։ Պապա-մամա ենք խաղում․․․ Ձևացնում ենք թե նախնիների պես իմաստուն ենք։
Թափառական կրկեսը շրջում է աշխարհով մեկ։ Խեղճուկրակ նագերին կապած սայլերը պատած են գնչուների ճաշակին հարիր վարագույրներով։ Ժամանակ առ ժամանակ, որև է սայլի վարագույրի արանքից, անտեսանելի մի ձեռք դիմակ է դուրս նետում։ Մանուկները վազում են սայլի ետևից և փորձում են որսալ այն․․․
Ահա՛ ևս մեկի բախտը բերեց։ Աշխարհով քայլեց լուրջ դեմքով հերթական հիմարը։ Հետո մյուսը․․․ Երրորդը․․․ Տասը․․․ Հարյուրը․․․ Հազարը․․․ Բյուրը․․․ Բոլորը․ Ամեն մեկին մի սար, մի լեռ, մի բլուր, մի բուրգ, մի պատվանդան, մի փոքր բարձրություն ու թեկուզ և մի պզուկ, միայն թե կարելի լինի թառել ու լուրջ բաներից կչկչալ, հարցեր դնել ու տեղում լուծումները տալ, գովել ու փնովել․․․ Մեր ձեռից՝ կլորի վրա ճշմարիտ մշակին մի թիզ հարթ տեղ չմնաց, հանդ չմնաց․․․ 

Comments

Կիսվել

Հետաքրքիրը