Ամառվա առաջին ու տարվա վերջին օրը



Ցավալին այն է, որ ցանկացած ճիշտ շարժ (քայլ, ցատկ, թռիչք, սուզում), որ ես կանեմ ըստ իմ կամքի, ոչ մի առնչություն չի ունենա ոչ իմ սեփական կամքի, ոչ ճշտի հետ։
Այն ինչ ես (մեծամտորեն մտքիս ուժին ապավինելով), այս պահին կընդունեմ, որպես ճշմարտություն, ոչ այլ ինչ է քան մտապատրանք։ Ցավալի իրականությունը ի հայտ կգա միայն այն ժամանակ, երբ ուշ կլինի։
Բանն այն է, որ մաքուր ջուրը, այլևս այնքան էլ մաքուր չէ։ Ու թեև ջուրը շարունակում է հագեցնել ծարավս, այն միևնույն ժամանակ աննկատ թունավորում է ինձ։ Այն ինչ լավ էր ինձ համար, այժմ վատ է ինձ համար։ Եթե առաջ գնամ, կհայտնվեմ վերջում։ Այնտեղ, որտեղ իմ կյանքն էր, այժմ գտնվում է իմ մահը։
Ի՞նչու․․․
Որովհետև ես թերագնահատում եմ իմ հակառակորդին։ Ես չեմ հասկանում, որ միանալով առողջներին, իրականում միանում եմ այն ծանր հիվանդներին, որոնք վաղուց գիտեն փրկության այն միակ ճանապարհը, որ պիտի անպայմանորեն անցնի իմ քանդված տան փլատակների վրայով։
Ի՞նչ անել․․․
Ոչինչ։ Պետք է կանգնեմ, չգայթակղվեմ փրկիչների կոչերով, չվազեմ այն առողջ հիվանդների ետևից ու միայն դիտեմ և, գուցե, աչքերս իրենք կփոխեն այս ծուռ իրականությունը։
Այսօր մ․թ․ 373 թվականի վերջին օրն է։

Comments

Կիսվել